Արևելյան գործընկերության համայնքները մինչև 2050թ. 60%-ով կկրճատեն արտանետումները

22 Նյմ 2024
Կիսվել:

Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք (CoM East) նախաձեռնությանն անդամակցող համայնքները մինչև 2050 թվականը կնվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումները առնվազն 60%-ով՝ 1990 թվականի մակարդակների համեմատ՝ նախաձեռնության Խորհրդի համապատասխան որոշման համաձայն:

Նախաձեռնությունը ներկայումս միավորում է Արևելյան գործընկերության երկրների 369 համայնք՝ ներկայացնելով տարածաշրջանի բնակչության գրեթե կեսը:

Այս հավակնոտ թիրախը կարևոր քայլ է Արևելյան գործընկերության (ԱլԳ) կլիմայական գործողությունները համաշխարհային ջանքերին համապատասխանեցնելու գործում՝ Եվրոպական կանաչ գործարքի և Փարիզյան համաձայնագրի նպատակներին համահունչ: Որոշումը ցույց է տալիս տարածաշրջանի հանձնառությունը զգալիորեն նվազեցնել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները՝ բարձրացնելով էներգաարդյունավետությունը և խթանելով վերականգնվող էներգիայի աղբյուրները, միևնույն ժամանակ աջակցելով համայնքային կայուն զարգացմանը և էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև խթանելով ավելի առողջ էկոհամակարգի ապահովմանը գալիք սերունդների համար:

Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում Դաշնագրին միացող նոր համայնքներն անմիջապես կընդունեն այս նոր թիրախները, մինչդեռ նախաձեռնության գործող անդամները կպահպանեն 2030 թվականի իրենց ներկա հանձնառությունները ՝ նոր և ավելի հավակնոտ թիրախներին համապատասխանեցնելու խրախուսմամբ:

ՋԳ արտանետումների կրճատման երկարաժամկետ նոր թիրախները կվերածվեն յուրահատուկ պահանջների համայնքների տարբեր խմբերի համար: Մասնավորապես, 1990 թվականը, որպես ջերմոցային գազերի արտանետումների կադաստրի հաշվարկի ելակետային տարի օգտագործող համայնքները մինչև 2050 թվականը պետք է ապահովեն ՋԳ արտանետումների առնվազն 60% կրճատում, մինչդեռ այն համայնքները, որոնք ելակետային տարին ընտել են 2005 թվականից հետո, մինչև 2050 թվականը կարող են ապահովել 40%-ից մինչև 60% կրճատում:

Միևնույն ժամանակ, ԱլԳ տարածաշրջանում Դաշնագրի բոլոր անդամները խստորեն խրախուսվում են ստանձնել ավելի հավակնոտ երկարաժամկետ նպատակներ (ավելի քան 60%) իրենց տեղական կլիմայական և էներգետիկ քաղաքականություններում՝ համեմատած ազգային պարտավորությունների (Ազգային մակարդակով սահմանված գործողությունների) և տարածաշրջանի նվազագույն նպատակների հետ՝ կլիմայական չեզոքության հասնելու նպատակով:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին նշել է.

«Այս կարևոր որոշումը ցույց է տալիս Արևելյան գործընկերության քաղաքների ուժեղ հանձնառությունը կլիմայական գործողություններին: ԵՄ-ն պատրաստ է աջակցել մեր համայնքային գործընկերներին այս հավակնոտ թիրախներին հասնելու հարցում: Սահմանելով այս համարձակ նպատակները՝ Քաղաքապետերի դաշնագրի ստորագրողները ոչ միայն պայքարում են կլիմայի փոփոխության դեմ, այլև ճանապարհ են հարթում Արևելյան գործընկերության տարածաշրջանում ավելի դիմացկուն, կայուն և բարգավաճ համայնքների համար»:

«CoM East» նախաձեռնության Քարտուղարությունը և ԵՄ Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը (JRC) կաջակցեն այս անցմանը՝ ՏԻՄ-երին տրամադրելով համապատասխան մեթոդաբանական և տեխնիկական աջակցություն: