Ծաղկաձորում անցկացվեց Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների համար կազմակերպված կարողությունների զարգացման հինգերորդ սեմինար

25 Հնս 2025
Կիսվել:

2025 թվականի հունիսի 19-20-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «ԵՄ և միջազգային աջակցության ծրագրերի շրջանակներում համայնքային ցուցադրական նախագծերի իրականացման կարողությունների զարգացում» խորագրով ուսուցողական սեմինարը Դաշնագրին անդամակցող համայնքների համար:

Միջոցառման նպատակն էր լրացնել բանկերի համար ընդունելի ծրագրային առաջարկների մշակման կարողությունների բացը, որը սահմանափակում է տեղական իշխանությունների հնարավորությունը՝ ներգրավելու անհրաժեշտ ֆինանսավորում Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի մշակման համար:

Այս թերությունը հաճախ բխում է համայնքների շրջանում փորձի և գիտելիքների պակասից, ինչը խոչընդոտում է համայնքների կողմից ծրագրերի նույնականացման, նախագծման, բյուջետավորման, իրականացման և մոնիթորինգի հետ կապված բարդությունների ըմբռնմանը։

Հետևաբար, միջոցառման նպատակն էր զարգացնել մասնակիցների կարողություններն առաջարկների մշակման և ծրագրերի կառավարման, ինչպես նաև ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ՝ ՏԻՄ-երի հզորացնելու համար՝ միջազգային ֆինանսավորման հետ կապված խնդիրներն ավելի լավ կառավարելու և իրենց համայնքներում ավելի մեծ զարգացում ու դիմակայունություն խթանելու համար։

Միաժամանակ, միջոցառումը ներառել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից համայնքներին տրամադրվող թիրախային տեխնիկական աջակցությունը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ ցուցադրական նախագծեր» տարածաշրջանային ծրագրի առաջին և երկրորդ փուլերի իրականացման ընթացքում ձեռք բերված նշանակալի փորձը, ինչպես նաև տեղեկատվություն GIZ-ի կողմից իրականացվող «EU4Climate Resilience» և «SE4Resilience» ծրագրերի կարգավիճակների վերաբերյալ:

Դասընթացին ներկա էին Դաշնագրին անդամակցող 15 համայնքների ավելի քան 25 ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ՏԿԵ նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ՝ պարոն Աշոտ Գիլոյանը և  «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար՝ պարոն Քրիստոֆ Ֆրերինգը, ովքեր ողջույնի խոսքով հանդես եկան սեմինարի մասնակիցներին։

Դասընթացը վարում էին փորձառու մասնագետներ, ովքեր ունեն թեմայի խորը իմացություն և լայն գործնական գիտելիքներ։

Ծրագրի աշխատանքային թիմի ղեկավարի տեղակալ՝ Մաքսիմ Վերեշչակը ներկայացրեց համայնքների համար հասանելի տեխնիկական աջակցությունը, մինչդեռ շինարարության և էներգաարդյունավետության փորձագետ՝ Անդրե Օհանիանը ներկայացրեց էներգետիկ աուդիտի հիմունքներն ու ընթացակարգերը, Տաշիրում և Ստեփանավանում ընտրված համայնքապատկան շենքերի էներգետիկ կատարողականների գնահատման արդյունքները և շենքերի արդիականացման համար առաջարկվող էներգաարդյունավետության և ՎԷ օգտագործման միջոցառումները, ինչպես նաև գործնական առաջարկություններ արեց շինարարության վերահսկման և որակի ապահովման վերաբերյալ։

Էներգաարդյունավետության ֆինանսական փորձագետ՝ Աստղինե Պասոյանը ներկայացրեց Ապարանում և Արթիկում «ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգիայի» (CoM-DeP II) ծրագրի իրականացումից նպատակները, արդյունքները և քաղված դասերը, ենթակապալառուների հետ արդյունավետ համագործակցության հիմնական ասպեկտները, ինչպես նաև առաջարկություններ հարմարվողականության ոլորտում ծրագրային առաջարկների մշակման համար:

Էներգաարդյունավետության և դրամաշնորհային ծրագրերի միջազգային փորձագետ՝ Յան Վաանդերսը ներկայացրեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ ցուցադրական նախագծեր (CoM-DeP I և II) ծրագրերի նպատակները, ձեռքբերումները և քաղված դասերը, ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի մշակման ​​և իրականացման հիմնական փուլերն, ինչպես նաև առաջարկություններ ներկայացրեց ծրագրային առաջարկների մշակման վերաբերյալ։

Էներգետիկ ինժեներ՝ Նժդեհ Անդրիազյանը ներկայացրեց «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» (CoM-DeP II) ծրագրի նպատակներն ու ձեռքբերումները, մինչդեռ Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հաղորդակցության փորձագետ՝ Տաթևիկ Հարությունյանը ներկայացրեց Արևելյան գործընկերության տարածաշրջանում ԵՄ ծրագրերի համար նախատեսված «EUDIGITOOL» թվային հաղորդակցության գործիքը։

Դասընթացավարները կիրառեցին ինտերակտիվ մեթոդներ և իրական կյանքից վերցված օրինակներ՝ ունկնդիրների ըմբռնումը և ներգրավվածությունը բարելավելու համար, ինչը, վերջին հաշվով, նպաստեց ավելի արդյունավետ և ազդեցիկ ուսումնական փորձի ստեղծմանը։

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի փորձագետները ներկայացրեցին «EU4Climate Resilience» և «ES4Resilience» ծրագրերի նպատակների, բաղադրիչների և իրականացման կարգավիճակի վերաբերյալ տեղեկություն՝ նշելով, որ ծրագրերի շրջանակներում 7 համայնքներին նախատեսվում է տրամադրել  անհատականացված տեխնիկական աջակցության՝ ԿԷԶԿՊԳԾ-ների մշակման համար:

Միջոցառման եզրափակիչ մասում մասնակիցների համար կազմակերպվեց գործնական վարժություն՝ նվիրված կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ոլորտներում ծրագրային առաջարկների մշակմանը և ներկայացմանը։