ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար՝ պրն Քրիստոֆ Ֆրիրինգը հայ պաշտոնյաների հետքննարկել է կլիմայի և էներգետիկայի նախաձեռնությունները

9 Ապր 2024
Կիսվել:

2024 թ․ ապրիլի 1-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար՝ պրն Քրիստոֆ Ֆրիրինգը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) հանդիպում է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի (Դաշնագրի ազգային համակարգող), Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի հետ (Դաշնագրի աջակից)։

Հանդիպման նպատակն էր տեղեկացնել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի խորհրդի առաջին նիստի մասին, որը տեղի էր ունեցել 2024 թվականի մարտի 14-ին Բրյուսելում, քննարկել ծրագրի շրջանակում Հայաստանում նախատեսված միջոցառումները և դրանց իրականացմանն առնչվող հարցերը։ Մասնավորապես, պարոն Ֆրիրինգը տեղեկացրել է ազգային գործընկերներին նորաստեղծ Խորհրդի գործառույթների մասին, որը հանդես է գալիս որպես տարածաշրջանային ռազմավարական խորհրդատվական, համագործակցային և համակարգման մարմին «Քաղաքապետերի դաշինք» նախաձեռնության համար Արևելյան գործընկերության (ԱԼԳ) երկրների շրջանակում։ Նա նաև ներկայացրել է խորհրդի անդամների, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի քարտուղարության և հրավիրված շահակիցների քննարկած հիմնական թեմաները, ինչպիսիք են՝ տարածաշրջանային ծրագրի ընթացիկ առաջընթացը, 2024 թ․ և դրանից հետո ԱԼԳ երկրներում դրա զարգացման պլանները, համագործակցության ընդլայնումը՝ ինչպես տարածաշրջանի ներսում, այնպես էլ ԱԼԳ և ԵՄ երկրների միջև։

Ազգային մակարդակի միջոցառումների առումով պարոն Ֆրիրինգը գործընկերներին տեղեկացրել է Դաշնագրին անդամակցող համայնքների համար նախատեսված կարողությունների զարգացման երրորդ դասընթացի մասին, ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում միջոցառումների և մրցույթների պլանավորման, փորձագիտական խմբի առաջին նիստի գումարման մասին, ինչպես նաև՝ «Քաղաքից քաղաք» փոխանակման ծրագրի շրջանակում Դաշնագրին անդամակցող մոլդովական համայնքների խմբի՝ Հայաստան կատարելիք այցի մասին։

Պարոն Երիցյանը կարևորել է ծրագրի կարողությունների զարգացման միջոցառումները՝ նշելով, որ հաջորդ դասընթացը կկենտրոնանա նախագծային առաջարկների մշակման և ֆինանսավորման վրա, ինչը կօգնի Դաշնագրին անդամակցող համայնքներիի տեղական էներգետիկ և կլիմայական նախաձեռնությունները վերածել մրցունակ նախագծերի, որոնք կարող են ֆինանսավորվել միջազգային ֆինանսական կազմակերպությունների և դոնորների կողմից։

Փոխնախարարը վստահեցրել, որ նախարարությունը, որպես նախաձեռնության ազգային համակարգող մարմին Հայաստանում, պատրաստ է իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակում շարունակել աջակցել ծրագրի իրականացմանը։ Նա առաջարկել է ավելի ակտիվ հաղորդակցություն տեղական ծրագրային թիմի և նախարարության կոնտակտային անձանց միջև։

Պարոն Տերտերյանն իր հերթին ողջունել է մոլդովական պատվիրակության ուսումնախորհրդատվական այցի կազմակերպման գաղափարը։ Նա համաձայնել է առաջարկի հետ՝ պատվիրակության օրակարգում ներառել հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կներկայացվեն տարածքային և վարչական բարեփոխումների (խոշորացման) արդյունքները, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանն ուղղված պետական սուբվենցիոն ծրագրի հիմնական նպատակներն ու արդյունքները, ինչպես նաև Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման արդյունքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծել համայնքների և բնակչության համար՝ վերականգնվող (արևային) էներգիայի արտադրության և օգտագործման ոլորտում։

Հանդիպումից հետո մասնակիցները պայմանավորվել են սերտացնել համագործակցությունը՝ ծրագրով նախատեսված ազգային միջոցառումների իրականացումը երաշխավորելու և «Քաղաքապետերի դաշնագրի» ակումբի չորրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով։