ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի խորհրդի երրորդ նիստը՝ Վիլնյուսում․ առաջընթացի ներկայացում և 2025-ի ծրագրեր

11 Հլս 2025
Կիսվել:

Հուլիսի 1-2-ը Վիլնյուսում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի՝ Արևելյան գործընկերություն» նախաձեռնության Խորհրդի երրորդ նիստը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահությամբ։ Այն կազմակերպվեց «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելյան գործընկերություն» (CoM East) ծրագրի շրջանակներում: Խորհրդի նիստին մասնակցեցին Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից ՏԻՄ-երի և Դաշնագրի ազգային համակարգողներ, ԵՄ և միջազգային հաստատությունների ներկայացուցիչներ։

Խորհրդի նիստը տեղի ունեցավ կարևոր ժամանակահատվածում, երբ «Քաղաքապետերի դաշնագիրը» մոտենում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում իր գործունեության 15-ամյակին, և կանխատեսվում է ծրագրի՝ գործունեության ներկայիս փուլի երկարաձգում․ իսկ կլիմայական նպատակներն ավելի հավակնոտ են դառնում, տարածաշրջանում աշխարհաքաղաքական պայմանները շարունակվում են փոխվել։

Խորհրդի նիստին բացման խոսքով հանդես եկավ Վիլնյուս քաղաքի կայուն զարգացման գծով գլխավոր պատասխանատու Անտոն Նիկիտինը։ Նա ներկայացրեց Լիտվայի մայրաքաղաքի կլիմայական չեզոքության տեսլականը և քաղաքի կլիմայական համարձակ օրակարգը: Եվրոպական հանձնաժողովի DG ENEST (նախկինում՝ DG NEAR) տարածաշրջանային ռազմավարության և ներդրումների բաժնի ղեկավար, ծրագրի ղեկավար Դարյա Մուստաֆաևան ներկայացրեց ԵՄ տարածաշրջանային համագործակցության ռազմավարական նպատակների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն, ներառյալ Քաղաքապետերի դաշնագրի գործունեությանը վերաբերող առաջիկա առաջնահերթությունները և ստորագրողների պարտավորությունները:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար՝ պարոն Քրիստոֆ Ֆրերինգը գործընկերների հետ ծրագրի խորհրդին ներկայացրեց վերջին զարգացումներն ու առաջիկա գործողությունները։

Ազգային փորձագետները Քաղաքապետերի դաշնագրի շահառուների հետ ներկայացրին SWOT վերլուծություն՝ ներկայացնել յուրաքանչյուր երկրի ուժեղ, թույլ կողմերը, հնարավորություններն ու Քաղաքապետերի դաշնագրի հանձնառությունների իրականացման մարտահրավերները։ Տարածաշրջանին բնորոշ մարտահրավերներից են ԿԷԶԳԾ-ների իրականացման տեխնիկական կարողությունների և գործիքների պակասը (հատկապես հարմարվողականության նախագածերում), սահմանափակ ֆինանսական հասանելիությունը, դոնորների աջակցությունից չափազանց կախվածությունը, ինչպես նաև ընդհանուր քաղաքական և արտաքին անորոշությունները։ Քննարկվեցին տարածաշրջանային լուծումների, ճկունության բարելավման և ազգային-տեղական համագործակցության ուժեղացման ուղիները։

Ճանաչողական ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Վիլնյուսի համակցված ջերմաէլեկտրակայան և դրա ժամանակակից կեղտաջրերի մաքրման կայան՝ քաղաքի կանաչ լուծումները գործողության մեջ ուսումնասիրելու համար։

Վիլնյուսի թիվ 2 ՋԷԿ-ը Բալթիկ ծովի ամենամեծ և պատմականորեն ամենակարևոր էներգետիկ կենտրոններից մեկն է։ Կայանը բավարարում է քաղաքի ջերմային պահանջարկի զգալի մասը՝ միավորելով առաջադեմ տեխնոլոգիաները և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված տեխնիկական լուծումները, որոնք ներառում են. աղտոտիչների մաքրման և արտանետումների շարունակական մոնիթորինգի ժամանակակից համակարգեր:

Կեղտաջրերի մաքրման կայանը Բալթիկ ծովում իր տեսակով ամենաառաջադեմներից մեկն է: Վերակառուցման ջանքերի շնորհիվ մաքրման գործընթացներն այժմ վեց անգամ ավելի արդյունավետ են, քան նախկինում: Կայանն օգտագործում է մանրէների վրա հիմնված ֆիլտրացիա և միկրոմաքրում՝ ջուրը մաքրելու համար՝ նախքան այն անվտանգ կերպով Ներիս գետ և Բալթիկ ծով վերադարձնելը: Ավելին, արդյունահանված տիղմն օգտագործվում է բիոգազի արտադրության և լրացուցիչ վերականգնվող էներգիայի արտադրության համար: Մնացած արտադրանքը նույնպես օգտագործվում է, ինչն ամբողջ ցիկլը դարձնում է շրջանաձև:

Քանի որ Քաղաքապետերի դաշնագիրը մուտք է գործում ծրագրի իրականացման ներկայիս ժամանակահատվածի վերջին փուլ և նպատակադրվում է շարունակել այն ապագա փուլերում, խորհրդի 3-րդ նիստը վերահաստատեց կլիմայական հավակնոտ նպատակներին, ուսուցմանը և տարածաշրջանային համագործակցությանը նվիրվածությունը։

Պարզ դարձավ, որ չնայած մասնակից երկրները միավորված են Արևելյան գործընկերության հովանու ներքո, այնուամենայնիվ, ազգային համատեքստերի բազմազանությունը մեծանում է։ Ընդհանուր նպատակներով միավորված լինելով՝ երկրները բախվում են տարբեր մարտահրավերների, որոնք կարող են ձևավորել կլիմայական քաղաքականության իրականացման տեմպը և շրջանակը։

Այս տարբերությունները պետք է ճանաչվեն և ավելի հստակ արտացոլվեն ապագա գործողությունների ծրագրերում և տարածաշրջանային միջոցառումներում: Ռազմավարությունները՝ գործողությունների, գործողությունները՝ երկարաժամկետ ազդեցության վերածելու համար անհրաժեշտ կլինի ավելի անհատականացված աջակցություն, ճկուն մոտեցումներ և ավելի ուժեղ համակարգում բոլոր մակարդակներում։