Երևանում անցկացվեց հաղորդակցման երրորդ ուսուցողական սեմինարը Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների ներկայացուցիչների համար

3 Հնս 2025
Կիսվել:

Դաշնագրի ստորագրողների և շահառուների հաղորդակցման կարողությունների զարգացումը շարունակում է մնալ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ռազմավարության կարևորագույն բաղադրիչը։

Այդ նպատակով, ս.թ. մայիսի 29-ից 30-ը Երևանում անցկացվեց «Շահառուների ներգրավման ոլորտում համայնքների կարողությունների զարգացում՝ հաղորդակցման հմտությունների, ֆոտոլրագրության տեխնիկայի, ինչպես նաև արհեստական ​​բանականության օգնությամբ բովանդակության ստեղծման հնարավորությունների զարգացման միջոցով» խորագրով ուսուցողական սեմինարը, որը ծրագրի կողմից կազմակերպված երրորդ նման միջոցառումն էր 2023 թվականից ի վեր։

Ինչպես նախորդ տարիներին, 2025 թվականին անցկացված սեմինարը նպատակ ուներ խթանել նախաձեռնությունը Հայաստանում, ապահովել ծրագրի վերաբերյալ տեղեկատվության ճշգրիտ ներկայացումը և զարգացնել համայնքային մասնագետների հաղորդակցման հմտություններն, այդպիսով նպաստելով տարբեր շահառուների ավելի ակտիվ ներգրավվածությանը Դաշնագրի շրջանակներում համայնքների հանձնառությունների իրականացման գործընթացներում:

Սեմինարի առավելագույն արդյունավետությունը և մասնակիցների կարիքներին համապատասխանությունն ապահովելու նպատակով, միջոցառման թեմաները և օրակարգն որոշվել են՝ հաշվի առնելով համայնքապետարանների ներկայացուցիչների կողմից առցանց հարցման միջոցով արված առաջարկներն, ինչպես նաև  նախորդ դասընթացների մասնակիցների՝ հարցաթերթիկների միջոցով ներկայացված մեկնաբանությունները:

Միաժամանակ, որպես դասընթացավարներ ընտրվել էին համապատասխան ոլորտներում մեծ մասնագիտական ​​փորձ ունեցող, ինչպես նաև լավ դասավանդման հմտություններ ունեցող մասնագետներ, ինչը նույնպես նպաստեց ներկայացվող ուսուցողական նյութերի արդյունավետ ընկալմանը:

Հիմնվելով 2023 և 2024 թվականների դասընթացների փորձի վրա՝ 2025 թվականին ծրագիրը ներառեց հետևյալ հիմնական թեմաները.

Նվարդ Մելքոնյան. հասարակայնության հետ կապերի փորձագետ

  • Դաշնագրի ստորագրողների արդյունավետ հաղորդակցությունը շահառուների հետ.
  • Կոնֆլիկտային հաղորդակցություն, աշխատանք և հաղորդակցություն «դժվար մարդկանց» հետ.
  • Գրավոր հաղորդակցության գաղտնիքները՝ էլեկտրոնային նամակներ, հաղորդագրություններ և բովանդակություն

Արթուր Պապյան. թվային անվտանգության և մեդիա խորհրդատու

  • Արհեստական ​​բանականության գործիքներ համայնքապետարանների կողմից գրավիչ բովանդակություն ստեղծելու համար.
  • Նոր գործիքներ և արհեստական բանականության զարգացման միտումներ.
  • Խմբային աշխատանք. ԱԲ գործիքների կիրառումը համայնքներում՝ ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա տեղեկատվական արշավի մշակման և համայնքային միջոցառումների տարբեր ձևաչափերի ստեղծման նպատակով.

Գևորգ Պերկուպերկյան, լուսանկարչության մասնագետ

  • Լուսանկարչական տեխնիկայի տիրապետում ավելի լավ հաղորդակցման համար. արտահայտչամիջոցներ՝ ըստ միջավայրի և լուսանկարչության նպատակի:

Հրավիրված խոսնակների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ միջոցառումն անցկացվեց ինտերակտիվ եղանակով՝ լսարանի ակտիվ մասնակցությամբ և բազմաթիվ քննարկումներով: Միջոցառման ընթացքում տրված բազմաթիվ հարցերը ոչ միայն արտացոլում էին լսարանի հետաքրքրությունը ներկայացված թեմաների նկատմամբ, այլև ստեղծում էին ավելի արդյունավետ ուսումնական միջավայր:

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Դաշնագրին անդամակցող մոտ 15 համայնքների ՏԻՄ-երի ներկայացուցիչներ և ծրագրի փորձագետները:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (Դաշնագրի ազգային համակարգող) աշխատակազմի Տեղական ինքնակառավարման վարչության պետ՝ պարոն Աշոտ Գիլոյանը։