«Կանանց դերը համայնքների կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման գործում» խորագրով երկօրյա ուսուցողական աշխատաժողով՝ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում
 
            
Հոկտեմբերի 7-8-ին Երևանում անցկացվեց «Կանանց դերը համայնքների կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման գործում» խորագրով երկօրյա ուսուցողական աշխատաժողովը։ Այն իրականացրեց ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը՝ Հայաստանի համայնքների միության և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հետ համատեղ։

Աշխատաժողովին մասնակցեցին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքապետարանների 30-ից ավելի այն կին մասնագետները, որոնք ՏԻՄ-երում ներգրավված են որոշումներ կայացնելու գործընթացներում և/կամ պատասխանատու են Դաշնագրին առնչվող գործողությունների համակարգման համար։ Աշխատաժողովը մեկ հարկի ներքո համախմբեց նաև համայնքներում բնապահպանության, կլիմայի, էներգետիկայի ոլորտներում գործող կանանց կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներին, ինչպես նաև հիշատակված ոլորտներում աշխատող տեղական և միջազգային կազմակերպությունների փորձագետներին
Ընդգծելով միջոցառման կարևորությունը և յուրահատկությունը՝ Արտեմ Խարազյանը նշեց. «Ինչպես բովանդակության, այնպես էլ ձևաչափի առումով, այս աշխատաժողովը նոր է մեր ծրագրի համար, քանի որ որպես թիրախային խումբ ընտրված են բացառապես կանայք, իսկ ներկայացվող և քննարկվող թեմաները նվիրված են կանանց դերին համայնքների կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման գործընթացներում: Երկրորդ յուրահատկությունն այն է, որ ի տարբերություն նախկինում կազմակերպված միջոցառումների, որոնց մասնակցում էին միայն հայրապետարանների մասնագետներն, այս աշխատաժողովին հյուրընկալում ենք նաև համայնքներում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների, ինչը կարող է լինել ծրագրի և ՀԿ-ների միջև հեռանկարային համագործակցության սկիզբը»։
Անդրադառնալով կլիմայի փոփոխության ազդեցություններին՝ Արտեմ Խարազյանն ընդգծեց, որ դրանց հետևանքներն արդեն զգացվում են ամբողջ աշխարհում, նկատելի վնասներ պատճառելով էկոհամակարգերին և տնտեսություններին, սպառնալով համայնքների կայուն զարգացման գործընթացին։ Միևնույն ժամանակ, կլիմայի փոփոխությունը սրում է առկա սոցիալական և գենդերային անհավասարությունները՝ ստեղծելով անհամաչափ բարձր ռիսկեր ամենախոցելի խմբերի համար, որոնց թվում են նաև կանայք և աղջիկները։ Մյուս կողմից կանայք հանդիսանում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի ամենաակտիվ ջատագովներն, ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ համայնքային և պետական կառավարման մակարդակում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտում համագործակցության պատասխանատու Սոնյա Լոպես Լոպեսը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշեց. «Համայնքապետարանները կարող են աջակցել կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում իրենց ծրագրերի միջոցով։ Տեղական մակարդակում նրանք կարող են բարձրացնել իրազեկվածությունը կլիմայի փոփոխության և դրա ազդեցության վերաբերյալ»։ Նա փաստեց՝ կլիմայի փոփոխությունն անհամաչափ է ազդում կանանց վրա և վստահեցրեց՝ ԵՄ-ն ամեն ինչ անում է տարբեր միջոցառումների իրականացմամբ, որ կանանց մասնակցությունն ավելի ակտիվանա կլիմայի փոփոխության և էներգետիկայի ոլորտում։
Տեսաուղերձով մասնակիցներին ողջունեց նաև ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Քաղաքականության և ինստիտուցիոնալ հարաբերությունների համակարգող Մարիա Ֆալալեևան։
«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանն իր ողջույնի խոսքում նշեց՝ կանայք առաջամարտիկն են գոյություն ունեցող խնդիրները լուծելու հարցում իրենց համայնքներում, ընտանիքներում և տարբեր ոլորտներում։ Նա, դիմելով կին-մասնակիցներին, վստահեցրեց՝ պետք չէ սպասել կատարյալ համակարգերի, փոխարենը պիտի սկսել գործել համարձակ ու վճռական՝ յուրաքանչյուրն իր տեղում՝ իր համայնքում բարիք ստեղծելով։
«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը նշելով կանանց առաջնորդության և համատեղ գործողությունների կարևորությունը կլիմայական ու էներգետիկ մարտահրավերների հաղթահարման գործում մեկնարկեց «Կանանց դերը կլիմայի և էներգետիկայի ոլորտում» խորագրով պանելային քննարկումը, որի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները ու ոլորտային փորձագետները խոսեցին ամենատարբեր խնդիրներից, որոնց բախվում են կանայք իրենց աշխատանքում, գործունեության ընթացքում։
Զեկուցումների ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք թեմաների՝
- «Կլիմայի փոփոխությունը՝ մարտահրավերները աշխարհում և Հայաստանում. քաղաքականության զարգացումներ» (Դիանա Հարությունյան, Կլիմայի փոփոխության ծրագրերի ավագ խորհրդատու, ՄԱԶԾ Հայաստան),
- «Կլիմայի փոփոխության գործողություններում համայնքների, երիտասարդության, խոցելի խմբերի և գենդերային բաղադրիչի ներառման կարևորությունը» (Աստղիկ Միրզախանյան, Խոցելիության և գենդերային հարցերով փորձագետ),
- «Կլիմայի փոփոխությունը Հայաստանում. խոցելիություն և հարմարվողականության հարցերը համայնքներում և սոցիալական ներառականությունը» (Գոհար Հովհաննիսյան, Կլիմայի փոփոխության հարմարվողականության փորձագետ),
- «Կլիմայի փոփոխության մեղմման լուծումները Հայաստանում և համայնքային մակարդակում» (Աստղինե Պասոյան, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն)։
Աշխատաժողովի երկրորդ օրն անցկացվեց «World Café» խմբային քննարկումների ձևաչափով, որին հաջորդեց «Կանայք առաջ են մղում էներգետիկ արդար անցումը. առաջնորդություն, նորարարություն և ազդեցություն» խորագրով պանելային քննարկումը՝ Սևան, Արթիկ, Ապարան, Վանաձոր և Ակունք համայնքների ՏԻՄ-երի և ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։
