«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հայաստանյան թիմը մասնակցեց Եվրոպայի օրվա առիթով կազմակերպված Տեղեկատվական տոնավաճառին

Մայիսի 10-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը մասնակցեց Եվրոպայի օրվա առիթով Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված տեղեկատվական տոնավաճառին։
Երևանում՝ Ազատության հրապարակում կազմակերպված տեղեկատվական տոնավաճառին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը ներկայացավ առանձին տաղավարով։ Ծրագրի հայաստանյան թիմի անդամներն այցելուներին բաժանեցին ծրագրի մասին տեղեկատվական բուկլետներ, ծրագրի պրոմո նյութերը, պատմեցին ծրագրի մասին, թե ինչ գործունեություն է այն ծավալում ՀՀ-ում և տարածաշրջանում։
Տասնյակ այցելուներ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի տաղավարի մոտ նաև հնարավորություն ունեցան շահելու տարբեր մրցանակներ։
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը շնորհակալություն է հայտնում Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ մասնավորապես ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին Եվրոպայի օրվա առիթով կազմակերպված տեղեկատվական տոնավաճառին մասնակցության առաջարկի և հնարավորության համար։
Երիտասարդների համար ծրագրի կողմից անցկացվեց վիկտորինա էներգետիկայի և կլիմայի հարցերի շուրջ՝ բարձրացնելու նրանց իրազեկությունը և խրախուսելու կայուն և պատասխանատու բնապահպանական վարքագիծը: Մասնակիցները փորձարկեցին իրենց գիտելիքները վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, կլիմայի փոփոխության լուծումների և այլ թեմաների վերաբերյալ:
Ճիշտ պատասխանելով հարցերին՝ մասնակիցները ծրագրի կողմից պարգևատրվեցին «Շատ խմի′ր, քիչ վատնի′ր» կարգախոսով ջրի շշերով, «Փրկում եմ մոլորակն ամեն խանութ գնալուց» կարգախոսով կտորից պայուսակներով։
Նրանք լուսանկարվեցին նաև ծրագրի կողմից պատրաստված շրջանակով և որպես նվեր՝ ստացան հեռախոսի հենակներ, բրելոկ- լապտերներ։ Այն մասնակիցները, որոնք այդ նկարները կհրապարակեն իրենց սոցիալական ցանցերի էջերում, հնարավորություն ունեն մասնակցելու ծրագրի կողմից կազմակերպված ևս մեկ մրցույթի։ Ամենաշատ հավանումների արժանացած 10 լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն սպորտային պարագաների ձեռքբերման համար նվեր քարտերով։
Տեղեկատվական տոնավաճառի ամենափոքր այցելուների համար մեծ էկրանին ցուցադրվեց «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պատրաստված 5 կարճ անիմացիոն հոլովակները, բաժանվեցին ծրագրի կողմից մշակված «Էկո քիդս» գունազարդման գրքեր ու մատիտներ։
Նշենք, որ Եվրոպայի օրվա միջոցառումների ընթացքում այցելուների համար ներկայացվեցին նաև ԵՄ անդամ պետությունների, ինչպես նաև ԵՄ կողմից իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի տաղավարները։ Հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու եվրոպական և հայկական մշակութային ելույթներ, համտեսելու ավանդական եվրոպական ուտեստներ։