EU Neighbours: ԵՄ Կայուն էներգիայի առաջին մրցանակն ՙԱրևելյան գործընկերություն 2019՚-ի շրջանակներում. հայտերի ընդունումն արդեն սկսված է
Արևելյան գործընկերության համար ԵՄ կայուն էներգիայի մրցանակը ՙԵվրոպական միության Կայուն էներգիայի շաբաթ 2019՚ միջոցառման մաս է կազմում և առաջին անգամ է տարածվում Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի վրա: Մրցանակը շնորհվում է ԵՄ-ի աջակցությամբ իրականացված էներգետիկ արդյունավետության և վերականգնվող էներգիայի ուղղվածությամբ ոգևորիչ նախագծերին, որոնք քաղաքացիներին ու համայնքներին ուղղակիորեն օգնում են խնայել էներգիա և անցում կատարել կայուն էներգառեսուրսների օգտագործման:
Ո՞վ կարող է դիմել
Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել Արևելյան գործընկերության երկրներից մեկում կամ մի քանիսում գործող քաղաքացիները, բիզնեսները, կառավարական հաստատությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և երիտասարդական կազմակերպությունները: Հիմնական պահանջն այն է, որ հայտատուներն իրենց էներգաարդյունավետ կամ վերականգնվող էներգիայի ուղղվածությամբ նախագիծն իրականացնելիս պետք է ուղղակի կերպով կամ անուղղակիորեն՝ գործընկեր կազմակերպության միջոցով, օգտված լինեն ԵՄ աջակցությունից:
Ինչպե՞ս դիմել
Համապատասխան հայտատուները հրավիրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացնելու իրենց հայտը՝ լրացնելով առցանց դիմումի ձևը: Վերջնաժամկետը 2019 թվականի ապրիլի 26-ն է, ժամը՝ 23:00-ն:
Ո՞րն է մրցանակը:
Եզրափակիչ անցած վեց մասնակիցները, ովքեր ընտրվելու են ժյուրիի կողմից, կհրավիրվեն Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպական կայուն էներգիայի 2019 թվականի մրցանակաբաշխությանը և 2019 թվականի հունիսի 18-ից 20-ը կայանալիք ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումներին: Հաղթողին կշնորհվի 1,000 եվրո արժողությամբ մրցանակ, իսկ նրա անունը կհայտարարվի Բրյուսելում կայանալիք Եվրոպական կայուն էներգիայի 2019 թվականի մրցանակաբաշխության ժամանակ:
Լրացուցիչ տեղեկատվություն՝ www.eapenergyawards.eu