«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում կազմակերպված 6-րդ ուսուցողական սեմինարը՝ Երևանում

19 Մյս 2026
Կիսվել:

Մայիսի 14-15-ին Երևանում տեղի ունեցավ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից կազմակերպված «Համայնքների դիմակայունության բարձրացում՝ ֆոտովոլտային տեխնոլոգիայի, էներգիայի կուտակման, էլեկտրական շարժունակության և էներգետիկ կառավարման վերաբերյալ գիտելիքների բարելավման միջոցով» ուսուցողական սեմինարը։

Այն մեկ հարկի ներքո համախմբեց Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք նախաձեռնությունն անդամակցող 17 համայնքների 20-ից ավելի մասնագետների, որոնք զբաղվում են վերականգնվող էներգետիկ ռեսուրսների հետ կապված գործընթացներով, ներգրավված են Դաշնագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներում։Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները՝ կարողությունների ամրապնդում, փորձի փոխանակում, ուսումնական այցեր, տեխնիկական, ֆինանսական աջակցություն համայնքներին։ Այս առաջնահերթությունների շարքը համալրել է ևս մեկը՝ ավելի ակտիվ աշխատանք հասարակական կազմակերպությունների հետ, համայնքներին ավելի թիրախային աջակցություն էներգետիկ և կլիմայական կառավարման գործընթացներն արագացնելու համար։

Արտեմ Խարազյանն իր ողջույնի խոսքում շեշտեց․ «Ծրագրի շրջանակներում մենք բոլոր միջոցառումները կազմակերպում ենք այնպես, որ օրակարգը և ներկայացվող թեմաները համահունչ լինեն համայնքների կարիքներին։ Այդ նպատակով նախօրոք կազմակերպվում է համայնքների կարիքների գնահատում, որպեսզի հասկանանք՝ որ թեմաներն են առավել հետաքրքիր և կարևոր համայնքների համար»։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում 2022-ից ի վեր Հայաստանում կազմակերպվող 6-րդ ուսուցողական սեմինարի առանցքում էին չորս հիմնական թեմաներ՝ վերականգնվող էներգետիկա, ֆոտովոլտային տեխնոլոգիաներ, էներգիայի կուտակում, էլեկտրական շարժունակություն և էներգետիկ կառավարում։

Արտեմ Խարազյանը նաև տեղեկացրեց՝ մայիսի 20-21-ը Քիշինևում՝ Մոլդովայում տեղի ունենալիք բարձր մակարդակի համաժողովին, որի շրջանակներում նշվելու է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության իրականացման 15-ամյակը, Հայաստանը կներկայանա ընդգրկուն պատվիրակությամբ։

Երևանում կազմակերպված կարողությունների զարգացման սեմինարին մասնակցում էին նաև դաշնագրի աջակից կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը կարևորեց համայնքների դերը երկրի կայուն զարգացման օրակարգում՝ ընդգծելով, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինները կանգնած են ոչ միայն սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների, այլև կլիմայական փոփոխությունների, էներգետիկ անվտանգության և տնտեսական դիմակայունության հետ կապված նոր մարտահրավերների առաջ։ Նրա հավաստմամբ՝ համայնքների զարգացումն այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց նորարարական էներգետիկ լուծումների և տեխնոլոգիական վերափոխումների։

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ներկայացնելով հիմնադրամի ծրագրերը և համայնքների աջակցության ոլորտները, նշեց․ «Հիմնադրամը պատրաստ է աջակցել համայնքներին ավելի որակյալ ծրագրեր կառուցելու և ծրագրային նախագծերն ավելի գրագետ ու ճիշտ ներկայացնելու համար։ Համայնքներին տրված է հնարավորություն ունենալ սեփական արևային կայանները, որոնք երաշխավորված կլինեն պետության կողմից՝ էլեկտրաէներգիայի ձեռքբերման մասին է խոսքը՝ մինչև 1 մեգավատ հզորությամբ։ Այս պահի դրությամբ ընդամենը երկու արևային կայան կա կառուցված՝ Ալավերդիում և Արթիկում․ հիմնադրամը նույնպես մասնակցել է։ Պատրաստ ենք ձեզ հետ մշակել նմանատիպ ծրագրեր, ֆինանսավորել և իրականացնել։ Մենք ունենք ֆինանսական միջոցներ, կարողություններ և փորձ»։

ՀՀ ՏԿԵ նախարարության աշխատակազմի էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը ներկայացրեց վերականգնվող էներգետիկայի ոլորտում պետական քաղաքականությունը․ «Ե′վ տեղական, և′ միջպետական մակարդակով վերականգնվող էներգետիկայի զարգացումը մեր էներգետիկ անկախությունը բարձրացնելու ամենաառաջնային միջոցն է։ Այդ նպատակով կառավարությունը վերականգնվող էներգետիկային վերաբերվում է՝ որպես առաջնային զարգացման ուղղություն, ինչի շրջանակներում մի շարք խթանող քաղաքականություններ ու ծրագրեր է վարում»։

Սեմինարի շրջանակում քննարկվեցին համայնքների կայուն զարգացման և էներգետիկ դիմակայունության բարձրացմանն ուղղված մի շարք կարևոր թեմաներ։ Երկօրյա սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի վերականգնվող էներգիայի օրենսդրական դաշտում գործող կարգավորումներից և բարեփոխումներին վերաբերող հարցերից մինչև փոքրամասշտաբ ՖՎ կայանների նախագծման և շինարարության մեջ տարածված թերություններ և քաղված դասեր, համայնքներում էներգետիկ կառավարման համակարգի ինտեգրում։ Ֆինանսական կառույցների ներկայացուցիչների՝ էներգետիկ անցման և համայնքների կանաչ զարգացման ֆինանսավորման հնարավորությունների ներկայացումից հետո գործնական քննարկում ծավալվեց համայնքների ներկայացուցիչների հետ։ Ներկայացվեցին նաև Արթիկ և Ալավերդի համայնքներում կառուցված արևային կայանները։

Երկօրյա սեմինարն ամփոփվեց Արագածոտն համայնքում գտնվող «Հելիոս» ՖՎ էլեկտրակայան այցելությամբ, որտեղ մասնակիցները շրջեցին էլեկտրակայանի տարածքով, ծանոթացան էլեկտրակայանի հիմնական սարքավորումներին։

Սեմինարի մասնակիցներն իրենց երկօրյա տպավորությունները ներկայացրին հարցաթերթի միջոցով՝ գնահատելով սեմինարի ժամանակ ներկայացված նյութի օգտակարությունը՝ ըստ թեմաների և բանախոսների, ինչպես նաև այլ կատարեցին իրենց դիտարկումները։

Վերջին նորություններ և իրադարձություններ

Բոլոր նորությունները և իրադարձությունները