Աջակցություն

Ընդհանուր տեղեկություն

Ընդհանուր տեղեկություն (5)

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 11:35

Ի՞նչ է Քաղաքապետերի դաշնագիրը

Written by

Քաղաքապետերի դաշնագիրը Եվոպական միության առաջին և առավել հավակնոտ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Այն ուղղված է նրան, որ տեղական իշխանության մարմինները և քաղաքացիներն սկսեն խաղալ առաջատար դերակատարություն կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարում: 2008 թվականից ի վեր Քաղաքապետերի դաշնագիրը վերածվեց տեղական իշխանությունների ակտիվ շարժման, այն իշխանությունների, որոնք պատրաստ էին ընդլայնել իրենց ձգտումները կայուն էներգիայի և կլիմայի փոփոխության ոլորտում: Միանալով Քաղաքապետերի դաշնագրին՝ տեղական իշխանությունները կամավոր հանձնառություն են ստանձնում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, բարելավել իրենց համայնքների դիմակայությունը կլիմայի փոփոխության բացասական հետևանքների հանդեպ ՝ իրականացնելով Կայուն էներգետիկ զարգացման (և կլիմայի պահպանության) գործողությունների ծրագրեր:

Դաշնագիրն ստորագրողների պարտավորությունները կապված են Եվրոպական միության կլիմայի և էներգետիկ քաղաքականության իրականացման ռազմավարության հետ: Սա ներառում է Եվրամիության մինչև 2020 թ. գործող Կլիմայի և էներգետիկայի ոլորտի օրենսդրական փաթեթը, բոլոր այն ստորագրող կողմերի համար, որոնք նախաձեռնությանը միացել են 2008-2015թթ. ընթացքում, և ԵՄ
կլիմայական և էներգետիկ ռազմավարությունը մինչև 2030 թ., ինչպես նաև ԵՄ Կլիմայի փոփոխության հարմարվողականության ռազմավարությունը՝ բոլոր այն ստորագրողների համար, որոնք միացել են նախաձեռնությանը 2015 թ. հետո:

 

Նախաձեռնությունը այն ստորագրողները, որոնք գործում են մինչև 2020 թ. ռազմավարության շրջանակում (Քաղաքապետերի դաշնագիր 2020) և/կամ ստանձնել են հանձնառություն միայն հարմարվողականության բնագավառում («Քաղաքապետերը հանուն հարմարվողականության» նախաձեռնություն) խրախուսվում են թարմացնել և ընդլայնել իրենց գործող հանձնառությունները և ստանձնել նոր հանձնառություններ մինչև 2030 թ.՝ միանալով «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը (ինչը ենթադրում է համայնքի Ավագանու կողմից համապատասխան որոշման ընդունումը և համայնքի ղեկավարի կողմից նոր Դաշնագրին միանալու ձևաչափի ստորագրումը):

 

Քաղաքապետերի դաշնագիր

 

Ստորագրող կողմերը, որոնք միացել են Քաղաքապետերի դաշնագրին 2008-2015 թթ., ընթացքում կամավոր պարտականություն են ստանձնել գերազանցել ԵՄ 2020 թիրախն, այն է՝ մինչև 2020թ. ապահովել CO2 արտանետումների նվազեցումը 20%-ով:

 

Քաղաքապետերը հանուն հարմարվողականության

 

Տեղական իշխանությունները, որոնք միացել են «Քաղաքապետերը հանուն հարմարվողականության» նախաձեռնությանը 2014-2016 թթ. ընթացքում, քաղաքական պարտավորություններ են ստանձնել գործունեություն ծավալել՝ նպատակ ունենալով հարմարվելու կլիմայի փոփոխությանը: 

 

Քաղաքապետերի դաշնագիրը հանուն կլիմայի և էներգիայի

 

2015 թ. հոկտեմբերից սկսած տեղական իշխանությունները պարտավորություն ստանձնեցին կրճատել CO2 արտանետումները (և, հնարավորությունների սահմաններում, նաև այլ ջերմոցային գազեր) 40 տոկոսով, ապահովել դիմակայությունը կլիմայի փոփոխության նկատմամբ և մինչև 2030 թ. ապահովել հուսալի հասանելիություն կայուն և մատչելի էներգիայի համար:

 

Արևելյան գործընկերության երկրների համար CO2 արտանետումների նվազեցման թիրախը սահմանված է նվազագույնը 30%:

Եվրոպական հանձնաժողովը պատասխանատվություն է ստանձնել աջակցել տեղական իշխանություններին, որոնք մասնակցում են Քաղաքապետերի դաշնագրին և լուսաբանել նրանց գործունեությունը Դաշնագրի շրջանակներում:

Սկզբում Եվրոպական հանձնաժողովը ստեղծել և ֆինանսավորել է Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը, որն Աջակցման ծառայության միջոցով օգնություն է ցուցաբերում ստորագրող կողմերին բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Դաշնագրին մասնակցությանը և կազմակերպում է տեղական միջոցառումներ ԶԼՄ-ների աջակցությամբ: Դաշնագրի գրասենյակը նաև համակարգում է աշխատանքը երրորդ կողմերի հետ և վարում բանակցություններ ստորագրող կողմերի գործունեության վերաբերյալ պոտենցյալ գործընկերների և դոնորների հետ:

Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը սերտորեն համագործակցում է Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի հետ, որպեսզի տրամադրի պարզ տեխնիկական ցուցումներ և ձևանմուշներ, որոնց նպատակն է աջակցել Քաղաքապետերի դաշնագրի պարտավորությունների իրականացմանը, ինչպես նաև ապահովել իրականացված միջոցառումների և ստացված արդյունքների մոնիտորինգ:

 

Եվրոպական հանձնաժողովը պարտավորություն է ստանձնել մոբիլիզացնել ֆինանսական միջոցներ և քաղաքական աջակցություն ԵՄ մակարդակով: Քանի որ ներկայումս Քաղաքապետերի դաշնագրի գործընթացը տարածվում է նաև Արևելյան գործընկերության երկրների վրա, ապա աջակցման մեխանիզմների ստեղծման դեպքում հաշվի են առնվում նաև այդ շրջանների կարիքները:

 

Ուսումնասիրույթյունները ցույց են տալիս, որ Քաղաքապետերի դաշնագրի նախաձեռնությանը միանալու բազում պատճառներ կան ստորագրող կողմերի համար: Դրանցից են.

 

  • Հրապարակայնորեն հայտարարել CO2 գազի արտանետումների ծավալները կրճատելու մասին,
  • Ստեղծել կամ ուժեղացնել CO2 գազի արտանետումների կրճատման դինամիկան սեփական տարածքում,
  • Մոտիվացվել այս ոլորտի առաջամարտիկների կողմից իրենց օրինակի հիման վրա,
  • Մյուսների հետ կիսվել սեփական տարածքում կիրառված օրինակներով և ձեռքբերված փորձով,
  • Հայտնի դարձնել համայնքը որպես էներգետիկ և կլիմայական ռազմավարության իրականացման առաջամարտիկ,
  • Դաշնագրի շրջանակներում և դրա շրջանակներից դուրս հրապարակայնորեն հայտարարել ձեռքբերումների մասին՝ օգտագործելով Դաշնագրի վեբ-կայքը,
  • Բարելավել իրենց բնակիչների կյանքի որակը,
  • Օգուտ քաղել բազմատեսակի տեխնիկական աջակցությունից,

 

Ուժեղացնել բնակիչների և տեղական շահառուների  հետ համագործակցությունը համայնքների սահմաններում՝ մշակելով և իրականավնելով իրենց գործողությունների ծրագրերը:

Քաղաքապետերի դաշնագիրը հանուն կլիմայի և էներգիայի

 

Ստանձնած պարտավորություններն ի կատար ածելու համար տեղական իշխանությունները պարտավորվում են.

 

  • Պատրաստել և ներկայացնել Արտանետումների ելակետային կադաստր (ԱԵԿ), որն իրենից ներկայացնում է ստորագրող կողմի տարածքում CO2 արտանետումների ծավալի քանակական գնահատումը,
  • Պատրաստել և ներկայացնել կլիմայական ռիսկերի և խոցելիության գնահատականն, որը կգնահատի ռիսկի մակարդակը՝ պոտենցյալ կլիմայական վտանգների վերլուծության միջոցով, ինչպես նաև կգնահատի ստորագրող կողմի խոցելի բնագավառները,
  • Ներկայացնել Կայուն էներգետիկ զարգացման (և կլիմայի պահպանության) գործողությունների ծրագիր (ԿԷԶ(ԿՊ)ԳԾ), որը պետք է հաստատված լինի համայնքի ավագանու կողմից Քաղաքապետերի դաշնագրի նախաձեռնությանը միանալու մասին պաշտոնական որոշման ընդունումից հետո համապատասխան ժամանակահատվածում (մեկ տարի՝ Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի (ԿԷԶԳԾ) դեպքում, և երկու տարի՝ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի (ԿԷԶԿՊԳԾ) դեպքում): Գործողությունների ծրագրում ամրագրված կլինեն այն քայլերն ու քաղաքականությունն, որոնք ուղղված կլինեն Դաշնագրի շրջանակներում ստանձնած քանակական նպատակներին հասնելուն:
  • Գործողությունների ծրագրի ներկայացման պահից

 

երկու տարին մեկ անգամ պարբերականությամբ ներկայացնել մոնիտորինգային հաշվետվություններ,որոնցում գնահատվում է  գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:

 

Քաղաքապետերի դաշնագիր և Քաղաքապետերը հանուն հարմարվողականության (պարտավորություններ մինչև 2016թ.)

 

«Քաղաքապետերի դաշնագիր» և/կամ «Քաղաքապետերը հանուն հարմարվողականության» նախաձեռնություններն ստորագրող կողմերի համար պարտավորությունները և համապատասխան հաշվետվությունների պահանջները մնում են այնպիսին, ինչպիսին դրանք սահմանվել են պարտավորությունների մասին նախնական տեքստում (ստորագրված նախաձեռնությանը միանալու պահին).

 

  • Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերը  պարտավորվում են ներկայացնել Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ)՝ Դաշնագրին միանալու մասին պաշտոնական որոշման ընդունման պահից  սկսած մեկ տարվա ընթացքում, իսկ հետո ամեն երկու տարին մեկ պարտավորվում են ներկայացնել մոնիտորինգային հաշվետվություն:
  • «Քաղաքապետերը հանուն հարմարվողականության» նախաձեռնության ստորագրող կողմերը պարտավորվում են նախաձեռնությանը միանալու պահից երկու տարվա ընթացքում մշակել հարմարվողականության տեղական ռազմավարություն և/կամ քայլեր ձեռնարկել, որպեսզի ներառեն հարմարվողականությունը գործող ռազմավարություններում և, այնուհետև, յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ ներկայացնել մոնիտորինգի հաշվետվություն:

 

Ստորագրող կողմերը համաձայնություն են տալիս նախաձեռնությանն իրենց անդամակցության դադարեցմանն այն դեպքում, եթե չներկայացնեն վերը նշված փաստաթղթերը սահմանված ժամկետներում: Համապատասխան փաստաթղթերի ներկայացման պահից այդ կողմերի անդամակցությունը Դաշնագրում վերականգնվում է: Ավելի մանրամասն տեղեկություն անդամակցության դադարեցման (կասեցման) մասին:

Բաժանորդագրվեք նորություններին