Արևելյան գործընկերության քաղաքները սովորում են Էյնդհովենի կայուն զարգացման փորձից

20 Սպտ 2024
Կիսվել:

«Քաղաքից քաղաք» (City2City) ճանաչողական այցի շրջանակում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանն անդամակցող համայնքները՝ Հայաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, մասնակցեցին եռօրյա ուսուցողական այցի դեպի Էյնդհովեն, Նիդեռլանդներ։ Այցը, որը կայացավ սեպտեմբերի 10-12-ը, նպատակ ուներ ներկայացնելու էներգախնայողության և կայունության լավագույն փորձերը։

Պատվիրակության կազմում էին 12 քաղաքապետեր և փոխքաղաքապետեր տարբեր քաղաքներից.

  • Ուկրաինա՝ Դրոհոբիչ, Վիննիցա, Կրիվիյ Ռիհ, Պուստոմիտիվ, Զապորոժժիա, Ռիվնե և Չեռնովցի
  • Հայաստան՝ Ալավերդի և Գավառ
  • Մոլդովա՝ Բալցի, Կանտեմիր և Չադիր-Լունգ:

Այցի հիմնական նպատակներն էին՝ ուսումնասիրել փորձառություններ, որոնք կարող են կիրառվել Արևելյան գործընկերության երկրների քաղաքներում և համայնքներում, ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ և խթանել փոխադարձ կապերն ու համագործակցությունը։

Էյնդհովենի քաղաքապետարան․ Էներգախնայողության օրինակ հանդիսացող նոր քաղաքապետարանի շենքը տարեկան խնայում է այնքան էլեկտրաէներգիա, որքան 200 տունը։ Բնական գազի խնայողությունն էլ համապատասխանում է 136 տան տարեկան սպառմանը։ Շենքը նաև խնայում է 78,392 լիտր ջուր՝ սանհանգույցների լվացման համար օգտագործելով կուտակված անձրևաջուրը։ Այս միջոցառումներն ունեն նաև էկոլոգիական նշանակալի ազդեցություն՝ տարեկան կանխելով մոտ 450 տոննա CO₂ արտանետում, ինչը համարժեք է ավելի քան 18,000 ծառ տնկելուն։

BioArt լաբորատորիա Երկու նպատակով գործող այս հաստատությունը համատեղում է կենսաքիմիական հետազոտական կայանի և նախատիպային արվեստանոց-արհեստանոցի գործառույթները։ Այն համալրված է կենսանյութերի վերլուծության, մշակման և աճեցման համար անհրաժեշտ սարքավորումներով՝ միաժամանակ ծառայելով որպես ավանդական աշխատարան՝ նոր սարքավորումների և ինստալացիաների մշակման համար։ Լաբորատորիայի փորձի լայն շրջանակը, միջազգային համագործակցությունները և կենսանյութերի բազմազանությունը այն դարձնում են իդեալական գործընկեր՝ կենսաբանական հիմքով փորձարկումների և նախագծերի իրականացման համար։

Venco Campus Համաշխարհային թռչնաբուծության նորարարական այս կենտրոնը ուշադրության կենտրոնում է պահում կայուն զարգացումը, նորարարությունը, ճկունությունն ու թափանցիկությունը։ Կառուցված լինելով BREEAM (Շինությունների հետազոտման և բնապահպանական գնահատման մեթոդաբանություն) չափանիշներով՝ շենքը երեք անգամ ավելի լավ ջերմամեկուսացված է և սպառում է երեք անգամ պակաս կիլովատ ժամ մեկ մ²-ի հաշվով՝ համեմատած ավանդական շինությունների հետ։ Այս բացառիկ արդյունավետությունը կենտրոնը գրեթե էներգետիկ առումով ինքնաբավ է դարձնում՝ հիմնականում օգտագործելով ներսում արտադրվող էներգիան։

Էյնդհովենի ջրի մաքրման կայան «De Dommel» ջրային վարչության ութ կեղտաջրերի մաքրման կայաններից ամենամեծը՝ այս կայանը օրական միջինում մաքրում է մոտ 150,000 խորանարդ մետր կեղտաջուր՝ այն մաքրված տեսքով բաց թողնելով Դոմմել գետ։ Ուժեղ տեղումների ժամանակ կայանն ունակ է մշակել մինչև 600,000 խորանարդ մետր ջուր օրական։

Boer Bier Water ծրագիր Այս նախաձեռնությունը միավորում է տեղական գյուղատնտեսներին, Bavaria փոքր գարեջրագործական ընկերությանը (որը հիմնադրվել է ավելի քան 300 տարի առաջ), Հոլանդիայի հարավի գյուղատնտեսության և այգեգործության կազմակերպությանը, Լաարբեեկ համայնքին, Aa և Maas ջրային վարչությանը, Rijkswaterstaat-ին, CLM-ին և տեղական Rabobank-ին։ Նախաձեռնությունը Bavaria-ի արտադրական գործընթացից մնացած ջուրը (գարեջրի կաթսաներն ու շշերը լվանալու համար օգտագործվող) ֆիլտրում և վերաբաշխում է մոտակա գյուղատնտեսներին։ Այս համակարգը թույլ է տալիս կարգավորել ստորերկրյա ջրերի մակարդակը, բարձրացնել բերքի որակը։

Ebusco Էլեկտրական հանրային տրանսպորտի առաջամարտիկ Ebusco-ն 2012 թվականից արտադրում է զրո արտանետում ունեցող ավտոբուսներ։ Այն առաջին եվրոպական ընկերությունն էր, որը ստացավ Եվրոպական բոլոր տիպի տրանսպորտային միջոցների հավաստագրում (European Whole Vehicle Type Approval), որը թույլ է տալիս մեկ ԵՄ երկրում հավաստագրված տիպի ավտոբուսը վաճառել ամբողջ ԵՄ տարածքում՝ առանց կրկնակի փորձարկման։ Նրանց վերջին մոդելը՝ Ebusco 3.0-ը, ունակ է մեկ լիցքավորմամբ անցնել մինչև 650 կմ։

RENEWI պլաստիկի վերամշակման գործարան Էյնդհովենի Acht թաղամասում գտնվող այս նոր տեսակավորող կայանը մասնագիտացած է պինդ պլաստիկի մեջ։ Այն կարող է տեսակավորել, մանրացնել և լվանալ տարեկան մինչև 24,000 տոննա պինդ պլաստիկ՝ օգտագործելով առաջատար տեխնոլոգիաներ։ Գործարանը հասնում է առնվազն 95% մաքրության՝ պոլիպրոպիլենից և պոլիէթիլենից, իսկ առավել պինդ պլաստիկները վերափոխում է բարձրորակ հումքի։

Ճանաչողական այցը կարևոր պատկերացումներ տվեց կայուն քաղաքային զարգացման պրակտիկաների վերաբերյալ, որոնք հնարավոր է հարմարեցնել և կիրառել Արևելյան գործընկերության երկրների քաղաքներում։ Այցելած բազմազան վայրերը համապարփակ պատկերացում տրամադրեցին կայունության տարբեր դիտանկյուննների վերաբերյալ՝ սկսած էներգաարդյունավետ շինություններից մինչև թափոնների նորարարական կառավարման և տրանսպորտային լուծումներ։